Ամերիկյան ուղղաթիռները ռազմականացվել են Բաքվի համար. պետք է պարզել` ով է հեղինակը

Ադրբեջանը գնել է Bell 412 ամերիկյան ուղղաթիռների քաղաքացիական տարբերակը, հետո դրանք վերասարքավորվել են ռազմական կարիքների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Ադրբեջանում հայտնված Bell 412 ամերիկյան ուղղաթիռները ի սկզբանե քաղաքացիական են եղել, բայց հետագայում վերասարքավորել և մարտական են դարձրել։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ Bell 412 ուղղաթիռների վերաբերյալ պաշտոնական պատասխան է ստացել ԱՄՆ-ից։

Սարգսյան. «Չի բացառվում, որ ուղղաթիռներն Ադրբեջանում են հայտնվել երրորդ երկրների միջոցով»

Պարզվել է` Bell 412 ուղղաթիռները սերտիֆիկացված են՝ որպես քաղաքացիական։ Որպես այդպիսին, Պետդեպի կողմից դրա արտահանման լիցենզիա անհրաժեշտ չէ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Այդպիսով Ադրբեջանը ուղղաթիռները ձեռք է բերել որպես քաղաքացիական, հետո նոր դրանք ռազմականացվել են։ Սարգսյանի խոսքով` պետք է հասկանալ ում կողմից։

Քաղաքագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ անհասկանալի է նաև` քաղաքացիական տարբերակը ԱՄՆ-ում են գնել, թե այլ երկրներում, որտեղ դրանք ռազմականացվել են Ադրբեջանի բանակի կարիքների համար։ Նա չբացառեց, որ ադրբեջանցիները պարզապես խաբել են ամերիկացի գործընկերներին։ Եվ հայկական կողմը պետք է իր ներդրումն ունենա այդ հետաքննության մեջ։

«Եթե պարզվի, որ ուղղաթիռներն ի սկզբանե ձեռք են բերվել որպես քաղաքացիական, հետագայում ռազմականացվել, ապա դա լուրջ խնդիրներով է հղի։ Կարծում եմ` ամերիկացիներն իրենք են ուզում իմանալ, թե այդ Bell 412-ները ում միջոցով են հայտնվել Ադրբեջանում, և ով է օգնել ադրբեջանցիներին վերասարքավորել դրանք», — ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` նաև հավանականություն կա, որ ուղղաթիռները ձեռք է բերել իտալական մի ընկերություն և հետագայում փոխանցել Ադրբեջանին։

Եթե պարզվի, որ Բաքուն պարզապես ամերիկացիներին խաբել է, ապա վերջիններն այսուհետև շատ ուշադիր կլինեն նման գործարքների հարցում, ասում է Սարգսյանը։ ԱՄՆ-ն հստակ քաղաքական և իրավական մեխանիզմներ է ունենալու, որոնք կկանխեն նման թյուրիմացությունները։ Օրինակ` հետագայում պայմանագրերում կամրագրվի, որ այս կամ այն երկրին մատակարարվող արտադրանքը որևէ կերպ չի կարող վերավաճառվել Ադրբեջանին, առավել ևս վերասարքավորվել։

Հիշեցնենք` ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հունիսի 26-ին` բանակի ստեղծման 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող զորահանդեսի ժամանակ, ամերիկյան արտադրության Bell-412 երկու ուղղաթիռ են ցուցադրել։ Ուղղաթիռները վերջերս են հայտնվել Ադրբեջանի ՌՕՈՒ-ում։

ԱՄՆ-ի օրենսդրությունը արգելում է զենք մատակարարել միմյանց հետ հակամարտող երկրներին։ Հայաստանն ու Ադրբեջանը ևս այդ արգելքի տակ են։ Բացի այդ, արդեն մոտ 25 տարի ԱՄՆ-ում գործում է 907-րդ բանաձևը, որն արգելում է երկրի կառավարությանը որևէ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։