ՀԲ–ն պատրաստ է աջակցել ՀՀ տնտեսության կարևոր ոլորտների զարգացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Համաշխարհային բանկը ողջունում է ՀՀ նոր կառավարության՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու ծրագրերը։ Այս մասին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը։ Նա հավելել է, որ կառույցը պատրաստ է ներգրավվել Հայաստանի հետագա զարգացման ռազմավարական տեսլականը մշակելու և ձևավորելու աշխատանքներում:

Եվրոպան հոգնել է միգրանտներից, Հայաստանն էլ պատրաստ չէ ընդունել

Նիկոլ Փաշինյանն իր հերթին կարևորել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ փոխգործակցությամբ իրականացնել նոր ծրագրեր:

Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին ու տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, որոնք ուղղված են կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլն: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է այս ուղղություններով ՀԲ-ի հետ համագործակցության ընդլայնմամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՀԲ փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: