ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի բացառապես ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքների վրա: Այս մասին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Լիագումար նիստում ելույթ ունենալիս ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը։
Խորհրդարանականների առաջ ելույթի խոսքով հանդես գալով` Աշոտյանը շեշտել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը։ Ըստ նրա ` տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում, և որ սա ընդունելի սկզբունք պետք է լինի բոլորի համար:
Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանը մի օր խաղաղության և համագործակցության օրրան կդառնա։