ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Ադրբեջանի փոխարտգործնախարարը Մահմուդ Մամեդգուլիևը Երևան է ժամանելու։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։
Երևան կժամանի նաև բազմակողմանի տնտեսական համագործակցության գծով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Օմար Կյուչուկը։
Բաքվի և Անկարայի դիվանագետները Երևան կժամանեն` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ԱԳՆ ղեկավարների խորհրդի հանդիպմանը։
Բալայանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ նրանց հետ երկկողմանի հանդիպումներ նախատեսված չեն։
«ՍԾՏՀ–ն զուտ տնտեսական հարթակ է, և մենք այն քաղաքականացնել չենք ցանկանում», – ասաց Բալայանը։
ՍԾՏՀ մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների նիստը նախատեսված է հունիսի 27-ին։
Նշենք, որ այս տարի ՍԾՏՀ–ում ռոտացիոն կարգով նախագահում է Հայաստանը։
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը միջկառավարական միավորում է, որը ստեղծվել է 1992 թվականին Սևծովյան ավազանում գործընկերության, խաղաղության, կայունության զարգացման և բարգավաճման համար։ ՍԾՏՀ–ի անդամ են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան։