ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ–ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով պարբերաբար տեղեկացնում է ԱՄՆ կոնգրեսականների հետ Բաքվին ամերիկյան ռազմական ուղղաթիռներ տրամադրելու թեմայի հետ կապված նորությունները։
Այս անգամ ԱԺ փոխխոսնակը գրել է, որ հանդիպել և այդ թեմայով խոսել է կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, ով նախկին զինվորական է։
«Հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ այս հարցի հանրային դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու մեկնաբանությունների հիմնական առանցքը, այդ թվում ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները:
Գործընկերս հավաստիացրեց, որ մանրամասն կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով և այդուհետ` կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,–գրել է Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ կցուցադրեն նաև ամերիկյան Bell 412, MI-24 ուղղաթիռներ, MI35, KA-27 հարվածային համակարգեր: