Ինչպես է հարբած սպան սպանել շարքային զինվորին. մանրամասներ

Մի քանի օր առաջ մարտական դիրքում սպանված Հովհաննես Մելքոնյանի գործով մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատարի տեղակալին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատարի տեղակալին: Այս մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

Զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել է հունիսի 22-ի ուշ երեկոյան՝ մարտական դիրքում։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ զորամասի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Ս.Կարապետյանը, ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ որպես հենակետի պատասխանատու, վատնել է ծառայողական օգտագործման համար դիրքի անձնակազմին տրամադրված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտները։

Հունիսի 22-ին, ժամը 18:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ դիրքի կացարանի զինաբուրգից վերցրել է ինքնաձիգ և դիրքի խոհանոցի հարակից տարածքում առանց որևէ հիմնավոր պատճառի կրակոցներ արձակել օդ, նույնը կրկնվել է նաև ժամը 21:00-ի սահմաններում:

Դրանից հետո` ժամը 22:50-ի սահմաններում, կապիտանը կրկին զինաբուրգից վերցրել է նույն դիրքում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող, եֆրեյտոր Հ.Դարբինյանին ամրակցված ինքնաձիգը և խոհանոցի հարակից տարածքում լիցքավորելով այն` արձակել անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել իրենից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող, մարտական դիրքում հերթապահություն իրականացնող, պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` կապիտանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ (ռազմական գույքը վատնելը) և 373-րդ հոդվածի 3-րդ մասերով (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը,, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):