«Ժենգյալով հացի փառատոն». Արցախի նոր այցեքարտը

Մասնակիցները հնարավորություն կունենան նաև շրջելու Հաթերքում, այցելելու համայնքի պատմամշակութային վայրեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Հուլիսի 15–ին Արցախի Հաթերք համայնքում կկազմակերպվի «Ժենգյալով հացի փառատոն»։

«Համայնքն ունի բոլոր ռեսուրսները փառատոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։ Սա մեր մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված հզոր քայլ կլինի», «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը՝ մանրամասնելով, որ փառատոնն իրականացվելու է «Հզոր Հաթերք» ծրագրի շրջանակներում:

Արցախը հետաքրքրել է լիտվացիներին. ժենգյալով հացի մասին պատմում է հեղինակավոր կայքը

Նրա խոսքով՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ արդեն քննարկվել է միջոցառումը Հաթերքում կազմակերպելու հարցը։

Փառատոնի շրջանակներում հմուտ խոհարարների կողմից կպատրաստվի ժենգյալով հաց, իսկ ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու պատրաստման գաղտնիքներին և նրբություններին:

Ծրագրի շրջանակներում կլինեն ազգագրական երգեր ու պարեր, թատերական ներկայացումներ: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև շրջելու Հաթերքում, այցելելու համայնքի պատմամշակութային վայրեր: Իսկ «Հաթերք» հյուրատանը կմատուցվի ազգային սննդի տեսականի (կորկոտ, խաշիլ, տոլմա, խորոված, խաշլամա):

Նշենք, որ փառատոնին մասնակցել ցանկացողների համար Ստեփանակերտ-Հաթերք երթուղով կգործեն փոխադրամիջոցներ: Մինչև 10 տարեկան երեխաների տոմսերն անվճար են, 10-14 տարեկանների համար արժեն 500 դրամ, իսկ 15 տարեկանից սկսած՝ 1000 դրամ։