ՌԱԴԻՈ

Սահակյան. «Երկիր մտնող յուրաքանչյուր պատվաստանյութ ունի այդ սերտիֆիկատը»

ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է պատվաստանյութերի մասին։
Sputnik
Գայանե Սահակյան

Այն արտադրողները, որոնցից ՅՈւՆԻՍԵՖ-ը պատվաստանյութ է ձեռք բերում, պետք է լինեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված։ Սա առաջին պայմանն է։ Այսինքն երկարատև գործընթացի ընթացքում այդ արտադրողը պետք է ապացուցի, որ իր պատվաստանյութերը առողջության համար բացարձակ անվտանգ են։

Բացի դրանից, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ունի իր հսկողական մեխանիզմները, և այդ արտադրություններում ժամանակ առ ժամանակ պատահական հսկողական այցեր, հետազոտություններ ուսումնասիրություններ է իրականացնում։

«Մյուս կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ն ունի իր ստուգման համակարգը, և յուրաքանչյուր չափաբաժին գալիս է համապատասխան սերտիֆիկատով։ Սա պարտադիր պայման է։ Երկիր մտնող յուրաքանչյուր պատվաստանյութ ունի այդ սերտիֆիկատը»,- ասում է նա։

Սահակյանի խոսքով` սա կոնկրետ Հայաստանի համար կարևոր պայման է։

«Այսօր մենք չենք կարող ասել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեզ օգուտ չի տալիս։ Այն մեզ մի շարք առումներով է օգուտ տալիս, առաջինը` որակյալ ապրանք, երկրորդ` ցածր գներ»,- նշում է նա։

Ըստ Սահակյանի` մեր երկրի համար սրանք կարևոր գործոններ են, որովհետև նույն պատվաստանյութը շուկայում բավականին թանկ է։