Եթե դատարանը որոշել է, ապա մարդը մեղավոր է, եթե նույնիսկ երեխաներիս քավորն է. Շարմազանով

Խաչիկյանը Շարմազանովի ուսանողական ընկերն է, նրա երեխաների կնքահայրը, բայց եթե մեղավոր է, նշանակում է` մեղավոր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Հայաստանում պետք է վերջ տալ ընտրողական արդարադատությանը, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին ձերբակալելու մասին հարցին։

Մեղավոր է նա, թե ոչ, կարող են որոշել միայն քննությունը և դատարանը, հավելեց Շարմազանովը։ Նա նշեց, որ նույն կարծիքին է եղել նաև նախորդ իշխանության օրոք` օրինակ բերելով իր ուսանողական ընկերոջ հետ կապված դեպքը։

Վազգեն Խաչիկյանը` Սոցիալական ապահովման ծառայության պետը, մի քանի տարի առաջ ձերբակալվել էր գոյություն չունեցող կամ մահացած մարդկանց կենսաթոշակներ դուրս գրելու համար և բանտում նստել է 5 տարի։

«Հիշո՞ւմ եք, որ Վազգեն Խաչիկյանին ձերբակալեցին, ինքն իմ երեխայի քավորն էր, իմ ուսանողական ընկերը, և ես ասացի, որ ինքն իմ ընկերն է ու մարդկային հարաբերությունները նրա հետ շարունակել եմ, հինգ տարի այցելել եմ նրան՝ ազատազրկման վայր: Բայց միևնույն ժամանակ, եթե դատարանը որոշել է, որ նա մեղավոր է, նա պետք է իր արժանի պատիժը կրի։ Անձերն ու երևույթները տարբեր են։ Ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, դրա համար կան իրավապահ մարմիններ, փաստաբաններ», — ասաց Շարմազանովը։

Հունիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին: