Արցախում գայլի կծելու պատճառով ևս մեկ երեխա է մահացել. վիրուսը կաթվածահար է անում ուղեղը

Որքան մոտ է կատաղած կենդանու կծած տեղը ուղեղին, այնքան բարձր է կատաղության զարգացման հավանականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Արցախում կատաղած գայլը կծել է երեխաներին, նրանց չի հաջողվել փրկել, որովհետև վերքերը չափազանց մոտ են եղել գլխուղեղին, Sputnik Արմենիային ասաց Ստեփանակերտի «Արևիկ» մանկանա հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը` մեկնաբանելով 4 տարեկան Արինա Մարգարյանի և 11 տարեկան Կամո Գասպարյանի մահը։

Արցախում գայլի հարձակումից տուժած 4 տարեկան աղջնակը մահացավ

Հունիսի 25-ի երեկոյան Ստեփանակերտում կատաղության վիրուսից մահացել է Կամո Գասպարյանը։ Երկու օր առաջ նույն պատճառով մահացել էր նաև Արինան։ Երկուսի վրա էլ գայլ էր հարձակվել։

«Հիվանդությունը կարող է զարգանալ կծելուց հետո 10-14 օրվա ընթացքում։ Դա կապված է նրա հետ, որ կծոցները եղել են հատկապես վտանգավոր հատվածներում` դեմք, գլուխ, շրթունքներ։ Մինչև նրանց Հադրութից տեղափոխել են Ստեփանակերտ, անցել է ժամ կամ մեկուկես ժամ։ Բժիշկներն անհրաժեշտ ամեն ինչ արել են», — ասաց Մարգարյանը։

Բայց այդ ընթացքում վիրուսը հասցրել է զարգանալ։ Բժիշկները շտապ պատվաստում են արել, երեխաներին ներարկել են նաև հատուկ նրանց համար ձեռք բերած անատոքսին։

Սակայն, մասնագետի խոսքով, եթե կծածների վերքերը վտանգավոր հատվածներում են, ոչ ոք չի կարող ինչ-որ բան երաշխավորել, նույնիսկ եթե բուժումն իրականացվում է ոչ թե 100, այլ 200 տոկոսով։ Նյարդային վերջույթների միջոցով վիրուսը հասնում է ուղեղին։ Որքան կծածի տեղը մոտ է ուղեղին, այնքան արագ է վիրուսը հայտնվում ուղեղում` կաթվածահար անելով այն։

«Ցավոք, այս երեխաների դեպքում կծածները եղել են դեմքի և գլխի շրջանում, վիրուսը չափազանց արագ է հասել ուղեղին», — ասաց Մարգարյանը։

Գայլը երրորդ տուժածի` 10 տարեկան տղայի ոտքն է կծել։ Տղան խոշոր է, բժիշկները ենթադրում են, որ նրա կյանքին չպետք է վտանգ սպառնա։

Երեք երեխաները տեղափոխվել են Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոց մայիսի 28-ին Արցախի Հադրութի շրջանում գայլի հարձակման հետևանքով։