Ադրբեջանի սուր ճոճելն անմտություն է. Մնացականյան

ՀՀ արտգործնախարարն անմտություն է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ռազմատենչ հայտարարությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհաբ Մնացականյանը։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր է հասնել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զոհրաբյանը։

Նրա խոսքով` ռազմատենչ հայտարարություններն ու սուր ճոճելն իռացիոնալ են, ցավալի, եթե ոչ անհեթեթ։

​Այսօր Ադրբեջանի զինված ուժերի 100-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենց ռազմական ծախսերը 2003-ից ի վեր աճել են 15 անգամ։

«Մենք զինվում ենք, քանի որ միջազգային նորմերը չեն կատարվում, վճռորոշ գործոնը ուժի գործոնն է, այլ ոչ թե իրավունքի։ Մենք կշարունակենք նոր զենք գնել և այդ առումով ունենք հստակ պայմանավորվածություններ գործընկեր երկրների հետ»,- ասել է Ալիևը։

Նա խոսել է նաև «Նախիջևանում անցկացրած օպերացիայի և նշանակալի տարածք ազատագրելու մասին»։ Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանում գրավված են ռազմավարական բարձունքներ, և իր երկիրը «վերահսկում է հակառակորդի ռազմավարական տրանսպորտային ուղիները»։