Գիշերային ակումբի մոտ դանակահարություն կատարողն ինքնակամ ներկայացել է

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Գիշերային ակումբի մոտ դեղի ունեցած դանակահարության մեջ կասկածվողը ինքնակամ ներկայացել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ծեծկռտուք և կրակոցներ Երևանում. կան վիրավորներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2018 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 07:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Հ.Վարդանյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր, ձախ ազդրի և աջ ազդրի կտրած վնասվածքներ, աջ հետորովայնամզային կտրած ռևիզիա, աջ երիկամի վնասվածք, կարում» ախտորոշմամբ, և Յ.Փուրթոյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վիրավորում» ախտորոշմամբ: Պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գործող գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 9 մմ տրամաչափի 1 հատ պարկուճ, արնանման հետքեր և այլ իրեր: Հ.Վարդանյանը և Յ.Փուրթոյանը ճանաչվել են տուժող, սակայն չեն հարցաքննվել, քանի որ ի վիճակի չեն եղել ցուցմունք տալ։ Առգրավվել են դեպքի պահին նրանց հագին եղած հագուստները:

Նախնական տվյալներով՝ գիշերային ակումբի մոտ մի խումբ անձինք վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ, քաշքշել միմյանց, որի ժամանակ մեկը դանակով հարվածել է Հ.Վարդանյանին և Յ.Փուրթոյանին, իսկ մեկ այլ մասնակից գազային ատրճանակով կրակոց է արձակել։

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել գազային ատրճանակը։ Նույն օրը՝ հունիսի 23-ին, ինքնակամ ներկայացել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ կասկածյալը ներկայացրել է երկու անձանց դանակահարելու դեպքի հանգամանքները, մատնացույց է արել դանակի գտնվելու վայրը, որտեղից այն հայտնաբերվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: