Փայլանը կրկին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է

Թուրքիայում անցկացված ընտրությունների առաջին արդյունքներն արդեն հայտնի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) ներկայացուցիչ Կարո Փայլանը կշարունակի զբաղեցնել պատգամավորական աթոռը Թուրքիայի խորհրդարանում։

«Վստահ կարող ենք ասել, որ հայազգի Կարո Փայլանը նորից Թուրքիայի խորհրդարանում է»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է թուրք-քրդական հարաբերությունների փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Թուրքիայում հունիսի 24-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 92 տոկոսի հաշվարկի արդյունքներով` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեջլիսում կունենա 295, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը` 146, «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 49, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 66, «Լավ» կուսակցությունը` 44 պատգամավորական մանդատ:

Կարո Փայլանը Էրդողանի ռեժիմի հետևողական քննադատողներից մեկն է, այդ թվում նաև` Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ 2016 թվականի ապրիլին խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ Փայլանը հանդես եկավ նախաձեռնությամբ` պահանջելով խորհրդարանական հանձնաժողով ձևավորել և հետաքննել 7 հայ պատգամավորներին Օսմանյան կայսրության տարիներին ձերբակալելու և սպանելու մասին գործը։ Պատգամավորների անունները կարդալով` Փայլանը հայերեն ասաց. «Աստված հոգիները լուսավորի»։

Հայ պատգամավորը նաև բազմիցս կոչ է արել երկրի իշխանությանը ընդունել սեփական պատմությունը և ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը։