Հրդեհ Գյումրիում. մեկ մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Գյումրիում տեղի ունեցած հրդեհի պատճառով մեկ մարդ այրվածքներ է ստացել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունիսի 25-ին, ժամը 14:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոցի տներից մեկում. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:37-ին, մարվել՝ 17:09-ին: Ամբողջությամբ այրվել է տանը կից օժանդակ քարե շինությունը`մոտ 70 քմ, գույքով:

Հրդեհի հետևանքով Ժ. Ա.-ն տարբեր բնույթի այրվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: