Երբեք ուշ չէ. ոստիկանությունը պատրաստ է բացահայտել նախկին հանցագործությունները

Ոստիկանությունը համարում է, որ հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար անհարժեշտ է քաղաքացիների աջակցությունը և կոչով դիմել է քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին, բարեխղճորեն կատարում է օրենքով իրեն լիազորված բոլոր պարտականությունները, այդ թվում՝ հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում և, իհարկե, բացահայտում, սակայն հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է բոլորի և յուրաքանչյուրի պատրաստակամությունն ու աջակցությունը: ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել։

«Եթե նախկինում ականատես եք եղել հանցագործության կամ տուժել եք հանցագործությունից, և ինչ-ինչ պատճառներով չեք դիմել ոստիկանություն, դիմեք. ոստիկանությունն իր թափանցիկ ու մարդակենտրոն գործելակերպով երաշխավորում է բոլոր դիմումների անաչառ քննություն և առարկայական արդյունքներ»,- նշված է հայտարարության մեջ:

Ոստիկանությունը կոչ է անում անկաշկանդ ու պարտադիր ոստիկանություն դիմել նաև նախապատրաստվող կամ կատարվող հանցագործության մասին տեղեկություն ունենալու դեպքում:

«ՀՀ ոստիկանությունը երաշխավորում է Ձեր անձի գաղտնիությունը, Ձեր և ընտանիքի անդամների անվտանգությունը»,- վստահեցնում են իրավապահները:

Ոստիկանությունը շեշտում է` հանցավոր ցանկացած դրսևորման համատեղ, արագ և արդյունավետ հակազդելը բխում է մեր իրավագիտակից հասարակության շահերից: