«Տարոն Մարգարյանի վերաբերյալ տեսանյութի պատասխանները կտան իրավապահ մարմինները». Փաշինյան

Վարչապետը կոչ արեց դադարեցնել բողոքի ակցիաները և չխանգարել կառավարության բնականոն աշխատանքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Տարոն Մարգարյանի վերաբերյալ տեսանյութը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները պիտի տան իրավապահ մարմինները: Անդրադառնալով Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ այսօր համացանցում տարածված տեսանյութին՝ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տարոն Մարգարյանի ճակատագիրը կորոշվի մոտակա օրերին. Փաշինյանը բանակցո՞ւմ է ՀՀԿ–ի հետ

«Արդեն գիտեք՝ «Երևան» հիմնադրամի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և բոլոր հարցերը հետևողականորեն իրենց պատասխանները կստանան»,-ասաց վարչապետն ու հավելեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չպիտի լինեն, եթե քաղաքական մոտիվներով ինչ-որ մեկին բանտարկեն, կնշանակի ամեն ինչ իզուր էր, և բան չի փոխվել:

«Ոչ մի ահազանգ առանց քննության չի մնում, բայց որևէ գործողություն պիտի հիմնված լինի փաստերի վրա: Այս պարագայում անիմաստ է կրկին ակցիաներ անել քաղաքապետարանի մոտ, որովհետև դուք սրանով նաև ճնշում եք գործադրում կառավորության վրա»,-ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց այդ քաղաքացիական ակցիաներն անել այն ժամանակ, երբ կառավարության հանդեպ վստահություն չկա:

«Կառավարություն ենք դարձել, որ դուք չգնանք փողոցներում կանգնենք: Մենք փողոցներում կանգնել ենք, մեր իշխանությունը հաստատել ենք, էլ ինչի՞ փողոցում բողոքել: Ես մեր կողմնակիցներին կոչ եմ անում հետ մնալ նման ակցիաններից, որ տարբերենք սաբոտաժը իրականությունից»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը պահանջեց և կոչ արեց չիրականացնել անհնազանդության ակցիաներ, որովհետև դրանով կառավարությանը շեղում են օրակարգից: