Ինչ պետք է անի Փաշինյանը, կամ արդյո՞ք Հայաստանին «սաակաշվիլյան սցենար» է սպասում

Հայաստանի իշխանությունների գլխավոր առաջնահերթությունը մինչև արտահերթ ԱԺ ընտրությունները կոռուպցիայի դեմ պայքարն է, կարծում են փորձագետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հայաստանի նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում պետք է գնա ինստիտուցիոնալ փոփոխությունների ճանապարհով։ Հակառակ դեպքում Հայաստանին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախաձեռնած վրացական սցենարն է սպառնում, որն ամենահաջողակը չէ, կարծում է կոռուպցիայի դեմ պայքարի փորձագետ Մարատ Ատովմյանը։

«Մի կողմից Սաակաշվիլին շատ բան է արել` երկիրը դուրս բերելով նոր մակարդակի, սակայն չի գնացել ինստիտուցիոնալ փոփոխությունների ճանապարհով, առավել ևս կայուն տնտեսական մոդել չի ձևավորել։ Նա, ուղղակի պատժիչ միջոցներ կիրառելով, կարողացել է կարճ ժամկետներում վերացնել կենցաղային կոռուպցիան», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ատովմյանը։

Կոռուպցիայի դեմ Փաշինյանի գործողությունների արդյունավետությունը մեկնաբանում է Մարկեդոնովը

Նրա խոսքով`  Սաակաշվիլին վախի, պատժի անխուսափելիության պատրանք է ստեղծել, ինչն արդյունավետ էր կենցաղային մակարդակով։ Սակայն էլիտար կոռուպցիան մնաց, չէր մշակվել նաև տնտեսության աճն ապահովող ու քաղաքացիների կենսամակարդակի վրա դրական ազդեցություն ունեցող պետության մոդելը։

Ատովմյանը համոզված է, որ Հայաստանին նույնպես սպառնում է այդ սցենարը,  եթե ժամանակավոր կամ նոր (արտահերթ ընտրություններից հետո) կառավարության անդամները, չմտածեն ինստիտուցիոնալ սխեմաներ մշակելու մասին։

«Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված է ունիվերսալ հակակոռուպցիոն կառույցի ստեղծմանը, որի գլխավոր նպատակը կլինի կոռուպցիայի, մենաշնորհի վերացումը», – ասաց Ատովմյանը։

Նա համոզված է, որ կոռուպցիայի դեմ պայքարի երկու մոդել կա. երբ այն ինքնանպատակ է և բոլոր ուժերը կենտրոնացած են այդ ուղղությամբ, և երբ կոռուպցիայի դեմ պայքարը պետության առաջնահերթություններից է` տնտեսության և այլ ուղղությունների հետ։

«Ամեն ինչ կպատմեմ». ՀՀ սփյուռքի նոր նախարարը հայտնել է տենդերներում առկա կոռուպցիայի մասին

«Երկրորդ մոդելն ավելի պրոդուկտիվ է և կիրառվել է Սինգապուրում, Հոնկոնգում, Հարավային Կորեայում և մի շարք այլ եվրոպական երկրներում», – ասաց Ատովմյանը։

Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունները դեռ գնում են առաջին մոդելով, քանի որ համակարգային փոփոխությունների մեխանիզմներ դեռ չեն ներկայացվել և չեն մշակվել։

Ատովմյանը չի բացառում, որ մինչև արտահերթ ընտրությունները նոր մեղադրանքներ կլինեն։

«Վերջին բացահայտումները թեև աղմկահարույց էին, սակայն իրենց էությամբ պրիմիտիվ էին։ Անհրաժեշտ է բացահայտել կոռուպցիայի դեմ պայքարի պրոֆեսիոնալ ձևով քողարկված սխեմաները։ Իսկ դա շատ դժվար է», – ասաց Ատովմյանը։

Փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանն իր հերթին կարծում է, որ ԱԱԾ–ն միակ կառույցը չէ, որը Հայաստանում պետք է զբաղվի կոռուպցիոն բացահայտումներով։

«Եթե համեմատենք ԱԱԾ–ի գործունեությունը նախկին և գործող իշխանությունների օրոք, ապա երկրորդ դեպքում նաև կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի դրսևորում ենք տեսնում», – ասաց Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ հասարակությանը ցնցեցին աղմկահարույց բացահայտումներն ու նախկին իշխանության հետ առնչվող անձանց տներում իրականացրած խուզարկությունները։