Հայտնի միլիարդատերն այսուհետ լուռ «կհսկի» գյումրեցիներին

Գյումրեցիները վաղուց էին ուզում երախտագիտության խոսք ասել բարերարին և ահա ասացին։
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրու Աբովյան ճեմափողոցում տեղադրվել է հայտնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի արձանը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 24-ին: Ներկա էր արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակ, ծնունդով գյումրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանը: Նա մի քանի ամիս առաջ գրավոր դիմել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին` արձանն Աբովյան փողոցում տեղադրելու խնդրանքով, նաև նշել, որ ծախսերը հոգալու է անձնական միջոցներով:

Բեդիրյանի և Քըրքորյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1996 թվականին:

‹‹Երբ 1992 թվականին առաջին անգամ Հայաստան եկա որպես զբոսաշրջիկ, տեսա քաղաքի խայտառակ վիճակը, երկրորդ անգամ եկա, երբ 2004 թվականն էր, քաղաքն ահագին վերակառուցվել էր: Հարցրի` ո՞ւմ շնորհքն է, պարզվեց, որ նրա շնորհքն է: Այն ժամանակից ի վեր ես որոշեցի հենց առաջին հնարավորության դեպքում մեր երախտագիտության խոսքն ասել այս մարդուն››,-նշեց Գրիգոր Բեդիրյանը։

Արձանի բացման պատիվը տրվեց Սամվել Բալասանյանին և նախաձեռնության հեղինակ Գրիգոր Բեդիրյանին:
Քաղաքապետը խոսեց արձանի տեղադրման նախաձեռնության մասին, ապա անդրադարձավ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի գործունեությանը, Գյումրիում ունեցած ներդրմանը և ավանդին։

Установленный в Гюмри памятник Кирку Керкоряну
«2800 տուն կառուցվել է Լինսի հիմնադրամի միջոցներով, ճանապարհներ, մշակութային օջախներ, տարբեր միջոցառումներ են անցկացվել այս հիմնադրամի միջոցներով: Այս ամենի համար գյումրեցին իր երախտիքի խոսքը պետք է ասեր և ասաց»,- նշեց Բալասանյանը:

Արձանի հեղինակ Արտուշ Պապոյանն էլ նշեց, որ նախօրոք մանրամասն ուսումնասիրել է Քըրք Քըրքորյանի լուսանկարները, տեսանյութերը, որպեսզի կարողանա արձանը քանդակել։

Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ամերիկահայ միլիարդատերը 1988–ին ստեղծեց «Լինսի» հիմնադրամը՝ ֆինանսավորելով 220 միլիոն դոլարի ծրագրեր։ Միայն 73 միլիոնը հիմնադրամը ծախսել է ճանապարհաշինության վրա՝ վերանորոգելով 435 կիլոմետր պետական նշանակության ճանապարհներ։ 45 միլիոն դոլար էլ հատկացրել է երկրաշարժից ավերված բնակֆոնդի վերականգման համար՝ Շիրակի ու Լոռու մարզերում կառուցվելով 149 շենք՝ 3674 բնակարաններով: