ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս» ընկերություններում, ինչպես նաև դրանց հիմնադիրների, տնօրենների և հաշվապահների բնակարաններում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Երևան քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրինության կողմից խաբեությամբ շուրջ 1 մլրդ 015 մլն 869 հզր. 600 ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ հունիսի 20-ին ոստիկանությունում հարուցված քրեական գործը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մի շարք հասցեներում խուզարկություններ կատարելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Տռուզյանի խոսքով՝ օրենքով սահմանված կարգով խուզարկություններ են կատարվում 9 տարբեր հասցեներում, մասնավորապես՝ նշված ընկերությունների գրասենյակներում, դրանց հիմնադիրների, տնօրենների և հաշվապահների բնակության վայրերում:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս» ընկերություններում և պարզել, որ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի հետևանքով ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել:
Տարիներ շարունակ մամուլում տեղեկություն էր պտտվում այն մասին, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը կապ ունի Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի հետ։ Ընկերության տնօրենը հերքում է այդ լուրը։