Մանվել Գրիգորյանի կնոջը կձերբակալեն. որոշումն արդեն կա

Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, կալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, ձերբակալելու որոշում է կայացվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք առաջադրվեց. հոր և որդու հափշտակության մանրամասները

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ոստիկանները հայտնաբերել էին մեքենաներ՝ բեռնված 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։

Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, հունիսի 23-ին մեղադրանք է առաջադրվել (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում): Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց Մանվել Գրիգորյանին ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։

Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության անհավանական արդյունքները. ԱԱԾ-ի տեսանյութը

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ հրապարակեց` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Գրիգորյանն այս պահին կալանավորված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։