Անժելա Սարաֆյանը կրկին զարմացրել է. ի՞նչ անակնկալ է պատրաստել հոլիվուդյան աստղն այս անգամ

«Վայրի Արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալի աստղ Անժելա Սարգսյանը նկարահանվել է Harper's Bazaar հեղինակավոր ամսագրի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հոլիվուդյան աստղ Անժելա Սարաֆյանը Instagram-ի իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնք նկարել են Harper's Bazaar ամերիկյան ամսագրի համար։

«Շնորհակալություն, Harper's Bazaar», — լուսանկարներին կից գրել է դերասանուհին։

Սարաֆյանի հետ հարցազրույցն արդեն հրապարակվել է ամսագրի առցանց տարբերակում։ Հարցազրույցի ժամանակ նա պատմել է «Վայրի Արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալում իր մարմնավորած կերպարի` ռոբոտ-մարմնավաճառ Կլեմենտինայի մասին, որին նախորդ դրվագներից մեկում վերացրել էին, սակայն կրկին վերադարձրել եզրափակիչ դրվագի համար։

Լուսանկարները հիացական մեկնաբանությունների են արժանացել։

«Գեղեցկուհի», — գրել էր երկրպագուներից մեկը։ Մեկ ուրիշն էլ նկատել է. «Այդ սերիալում իսկապես հիանալի են լավագույն երեք կերպարները` Թենդին, Էվան Ռեյչելն ու Անժելան… Հզոր կանայք են»։

Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։ Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը: