ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Թուրքիայի Էրզրում նահանգի Կարաչոբան շրջանում այսօր սպանել են ընդդիմադիր «Լավ» կուսակցության տեղի ղեկավար Մեհմեթ Դուրմազին։ Այս մասն հայտնել է կուսակցության քարտուղար Այթուն Չիրայը։
«Դուրմազը մահացել է հրաձգության հետևանքով: Նահանգապետի խոսքով՝ զինված բախումը կենցաղային հողի վրա է տեղի ունեցել և կապված է եղել երկու ընտանիքի միջև հարաբերությունների հետ», — թվիթերյան իր էջում գրել է Չիրայը:
Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է, որ Էրզրումում տեղի ունեցած միջադեպը կապ չունի երկրում այսօր անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ:
«Ընտանեկան վեճ է եղել»,- ասել է նա։
Նշենք, որ այսօր` հունիսի 24-ին, Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ են անցկացվել։
Սահմանադրական փոփոխություններին հաջորդած առաջին ընտրությունների արդյունքում երկրում խորհրդարանական կառավարման համակարգից անցում կկատարվի նախագահական կառավարման համակարգի: