Անակնկալների առաջնություն. Կրոսը փրկեց Գերմանիային, ո՞վ կփրկի Արգենտինային

Աշխարհի գործող չեմպիոնը՝ Գերմանիայի հավաքականը, խմբային փուլի երկրորդ խաղից հետո կարող էր զրկվել 1/8 եզրափակիչի ուղեգրից: Շվեդիայի հետ խաղում գերմանացիները կամային հաղթանակ տարան Տոնի Կրոսի խփած գնդակի շնորհիվ: Հաղթական գոլը խփվեց ավելացված ժամանակի 5-րդ րոպեին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Աշխարհի առաջնության խաղերում Գերմանիայի հավաքականը երկու հանդիպումներից հետո ունի երեք միավոր ու փլեյ օֆֆ դուրս գալու համար երրորդ խաղում պետք է հաղթի Հարավային Կորեայի թիմին, որը խմբից դուրս գալու հնարավորություն արդեն չունի:

Հնարավորությունն աղոտ է նաև աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի հավաքականի համար: Երկու խաղերում մեկ միավոր վաստակելով` արգենտինացիները կանգնած են ձախողման եզրին: 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Արգենտինայի հավաքականը պարտադիր պետք է հաղթի Նիգերիայի հավաքականին, մյուս բոլոր արդյունքների դեպքում Մեսսին ու նրա խաղընկերները հրաժեշտ կտան Ռուսաստանին:

Գերմանիայի հավաքականի կորզած հաղթանակը լուսանկարներով

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլը մոտենում է ավարտին: Երկրորդ փուլի ավարտին մնում է անցկացնել երեք հանդիպում: Որոշ խմբերում արդեն հայտնի են 1/8 եզրափակչի մասնակիցները, որոշ խմբերում էլ պայքարը կընթանա մինչև վերջ:

Առաջնության մեկնարկից առաջ, բնականաբար, նշվում էին մրցաշարի ֆավորիտները, և, անկասկած, կային վարկածներ, որ աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն մի քանի թոփ հավաքականներ: Իհարկե, նաև գուշակությունների փորձեր էին կատարվում խմբային փուլի արգելքը հաղթահարողներին առանձնացնելու գործում: Սակայն խմբային փուլի առաջին երկու տուրերում այնքան անսպասելի արդյունքներ գրանցվեցին, որ այս առաջնությունն արդեն կարելի է անվանել անակնկալների առաջնություն:

Նախ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը մեկնարկեց պարտությամբ, Իսպանիան բավարարվեց ոչ-ոքի արդյունքով, Արգենտինան ու Բրազիլիան իրենց առաջին խաղերում կարողացան վաստակել ընդամենը մեկական միավոր, և, բացի այդ, խոշոր հաշվով հաղթանակով մեկնարկեց Ռուսաստանի հավաքականը, և արդյունքից ոգևորված ռուսները երկրորդ խաղում էլ հաղթելով` առաջինը ապահովեցին իրենց տեղը 1/8 եզրափակիչում:

Ընդ որում, Ռուսաստանի հավաքականը մեկնարկային երկու խաղերից հետո առաջնության ամենաարդյունավետ երկու թիմերից մեկն է: Առայժմ ռուսներն ու Բելգիայի հավաքականն են ութական գնդակ անցկացրել մրցակցի դարպաս: Բայց ի տարբերություն Ռուսաստանի հավաքականի, Ռոբերտո Մարտինեսի թիմը համարվում է առաջնության հաղթողի ստվերային հավակնորդներից մեկը: Այս երկու թիմերից բացի, 1/8 եզրափակիչի ուղեգիր են վաստակել նաև Ուրուգվայի, Խորվաթիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և Մեքսիկայի հավաքականները:

Խմբային փուլի վերջին հանդիպումները վճռորոշ են լինելու աշխարհի հնգակի գավաթակիր Բրազիլիայի հավաքականի համար: Բրազիլիայի հավաքականին վերջին խաղում բավարարում է նույնիսկ ոչ-ոքի արդյունքը սերբերի հետ խաղում, բայց սերբերն էլ հաղթելու դեպքում կանցնեն հաջորդ փուլ, այնպես որ դժվարին խաղ է սպասվում կողմերին:

Առաջնությունը, չնայած առաջին որոշ խաղերի անհետաքրքիր ընթացքին, այնուամենայնիվ, գերազանցեց մի ռեկորդ, որն ապացուցում է` ֆուտբոլն ավելի արդյունավետ է դարձել: Առաջին 28 խաղերում 0:0 հաշիվ Ռուսաստանում չի գրանցվել: Հեռավոր 1954 թվականին 0:0 հաշվիվ չէր գրանցվել առաջին 26 խաղերում: