Լոռու մարզի անտառներից մեկում 79 տարեկան քաղաքացի է կորել

Որոնողական աշխատանքներին մասնակցում են փրկարարները, ոստիկաններն ու կորած քաղաքացու հարազատները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. «911» ծառայությունը հունիսի 24-ին, ժամը 18:27-ին ահազանգ է ստացել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն (1939 թ.) կորել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 21:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 10 փրկարար ծառայող, 10 ոստիկան և կորած քաղաքացու հարազատներից 5 հոգի: