Ժաննա Պողոսյան, Sputnik.
«Հայաստանում երկու տարի ապրելուց հետո համոզվել եմ, որ հենց այստեղ եմ հոգեպես գտել ինձ», — պատմում է 30 տարեկան Անին։ Նրան երբեմն ընդհատում են գործընկերները և աշխատանքի մասին հարցեր են տալիս։ Անին ու ես նստած զրուցում ենք այն գրասենյակի պատշգամբում, որտեղ նա հիմա լրագրող է աշխատում։
«Մայրս հաճախ է խնդրում ինձ վերադառնալ Բելգիա։ Ես նրան ասում եմ` մամ, մի անհանգստացիր։ Բելգիայում իմ աշխատավարձը 2000 եվրո էր, դա երկրի համար միջին ցուցանիշ է, իսկ այստեղ ստանում եմ Հայաստանի ցուցանիշներով միջին աշխատավարձ՝ 200 000 դրամ։ Ամեն ինչ լավ է», — ասում է Անին։
Անիի ընտանիքը որոշել է Հայաստանից Եվրոպա տեղափոխվել, երբ աղջիկը շատ փոքր է եղել։
«Ծնողներս պատմում են, որ Հայաստանից հեռացել են, որովհետև Խորհրդային Միության անկումից հետո կյանքն անտանելի է դարձել, ԽՍՀՄ-ը հիանալի երկիր է եղել։ Իսկ դպրոցում, հակառակը, պատմում էին, որ ԽՍՀՄ-ում մարդիկ վատ են ապրել։ Հետո ես հասկացա, որ կա մասնագիտություն, որը թույլ է տալիս լսել բոլոր կողմերին և հետևություն անել՝ լրագրողի մասնագիտությունը», — ասում է Անին։
Հայաստանի նկատմամբ սկսել է հետաքրքրություն դրսևորել 2015թ-ին, երբ Երևանում ծավալվել է «Էլեկտրիկ Երևան» շարժումը։ Դիտել է ուղիղ եթերները և երազել է լրագրող աշխատել երկրի ամենաակտիվ լրատվամիջոցներից մեկում։ Մեկ տարի չանցած՝ Birth Right Armenia ծրագրի շնորհիվ հայտնվել է հայրենիքում և աշխատանքի անցել ԶԼՄ-ներից մեկում։
«Հայաստանն անհնար է չսիրել։ Այստեղ օդն ուրիշ է, ուտելիքն ուրիշ է։ Ինձ համար հազվադեպ եմ հագուստ գնում, ինձ երես չեմ տալիս թանկարժեք ուտելիքով, բայց փոխարենը ստանում եմ մի ամբողջ աշխարհ՝ լավ մարդկանց և հավերժ հանգստի աշխարհ։ Իսկ դա փողով չես գնի», — ասում է նա։
Շանթ Չամկակի երակներում նույնպես հայի արյուն է հոսում։ Նա սիրով է հիշում Երևանը և սպասում է այն օրվան, երբ մշտական բնակություն կհաստատի Հայաստանում։
«Տունը, աշխատանքի վայրը, սիրելի սրճարանները, այգիները՝ ամեն ինչ մոտ է», — ասում է Շանթը, որը հիմա Կանադայում է։
Մենք զրուցում ենք հեռախոսով, իսկ ձայնի մեջ կարոտ է զգացվում։ Նա խոստովանում է, որ ամենից շատ կարոտում է քաղաքի հանգիստ մթնոլորտը։
Շանթը ծնվել է Տորոնտոյում, ծնողները հայ են։ Հայկական դպրոց է հաճախել, եղել է հայ համայնքի ակտիվ անդամ։ 2016թ-ին Birth Right Armenia ծրագրի շնորհիվ այցելել է Հայաստան։ Ծրագրել է Երևանում անցկացնել չորս ամիս, բայց մնացել է մեկուկես տարի։
«Հայաստանում ինձ համար ամեն ինչ նոր էր, բայց միաժամանակ` անչափ հարազատ։ Շատ կարևոր էր Հայաստանում լինել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ես տեսա, թե ինչպես են մարդիկ առանց բողոքի ցույցեր կազմակերպելու հարգանքի տուրք մատուցում զոհերին։ Իհարկե, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջները շատ կարևոր են, բայց ես անձամբ այդ օրը որպես բողոքի օր չեմ ընկալում։ Այն ինձ համար հիշատակի օր է», — ասում է նա։
Շանթը խոստովանում է, որ ոչ մի տեղ և երբեք չի լսել այդքան հիասքանչ կենդանի երաժշտություն, որքան Երևանում։ Նա վստահ է՝ Հայաստանում շատ են տաղանդավոր մարդիկ։
Հայաստանում նա մարքեթինգի մենեջեր է աշխատել մի ընկերությունում, որը ձեռագործ աշխատանքներ է վաճառում։ Այդ նախագծի շնորհիվ ավելի քան 200 տնային տնտեսուհիներ մշտական եկամուտ ունեն։
«Ես իմ ապագան տեսնում եմ Հայաստանում։ Հաստատ։ Սա մեծ հնարավորությունների երկիր է։ Ես պետք է մի որոշ ժամանակով վերադառնայի Տորոնտո՝ բիզնեսի հարցում եղբորս օգնելու։ Բայց սպասում եմ՝ երբ եմ վերադառնալու Հայաստան։ Գիտեմ, որ Հայաստանը սպասում է ինձ», — ասում է Շանթը։
16 տարեկան Անդրանիկի ընտանիքն առաջիններից է Սիրիայից տեղափոխվել Հայաստան։
«2012թ-ն էր, — Անդրանիկը դադար է տալիս սիգարետը վառելու համար․ զրույցը երկար է լինելու։ — Եթե իմ կյանքում այդ իրադարձությունը չլիներ, ընդհանրապես ուրիշ մարդ կլինեի։ Մի բան հաստատ է՝ ես ծրագրավորող չէի դառնա»։
Ծրագրավորումը հոբբի է եղել Երևան տեղափոխված Անդրանիկի համար, բայց նրան «հայավարի», առանց դիպլոմի ու հավաստագրի աշխատանքի են ընդունել, որովհետև գնահատել են մասնագիտական կարողությունները։ Այդ ժամանակից ի վեր զբաղվում է սիրելի գործով՝ այդպես էլ չավարտելով համալսարանը։
«Ինքնուս ծրագրավորող` առանց դիպլոմի․ նման բան անհնար է պատկերացնել մեկ այլ երկրում», — ժպտում է Անդրանիկը։
Սիրիայի պատերազմի պատճառով բազում սիրիահայեր են տեղափոխվել Հայաստան։ Անդրանիկն ասում է` եթե Սիրիայի իրադարձությունները չլինեին, նա կարող էր այնտեղ ապրել մինչև կյանքի վերջ, որովհետև իրեն լավ է զգացել, հայկական համայնքն իր տեղն է ունեցել։
«Եվրոպայում ապրող հայ երեխաներից շատերը չեն հասկանում մայրենի լեզուն։ Մեզ՝ սիրիահայերիս, դուր չի գալիս, երբ Երևանում մեզ հարցնում են՝ հայերեն գրել գիտե՞ք», — ասում է Անդրանիկը։
Բայց սիրիահայերից շատերը Հայաստան տեղափոխվելուց հետո չեն կարողացել իրենց տեղը գտնել և փորձել են տեղափոխվել Եվրոպա։ Անդրանիկը նույնպես երկու տարի ապրել է Նիդեռլանդներում, Բելգիայում, Ֆրանսիայում։
«Վերադարձա Հայաստան, երբ հասկացա, որ այնտեղ ապրելն իմը չէ։ Չստացվեց։ Ինչո՞վ են այդ երկրներն ավելի վատը։ Միայն մի բանով՝ դրանք Հայաստան չեն»։