Շուտով կարևոր փոփոխություն է լինելու անձնագրային համակարգում

Հաշվառման մասին տեղեկանք ստանալու գործընթացը հեշտանալու է, և մարդիկ այն կարողանալու են ստանալ հաշված րոպեների ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հանձնարարել է բարելավել հաշվառման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը` նշելով, թե ինչ փոփոխություն է կատարվելու առաջիկայում։

Բիչախչյան. «Քաղաքացիների բողոքի հիման վրա փոխվեց վարչության ընդմիջման ժամը»

«Մշակվում է ծրագրային լուծում, համաձայն որի` տեղեկանքը կտրամադրվի անմիջապես բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ եղանակով տպագրման միջոցով։ Տեղեկանքը հաջորդ աշխատանքային օրվա փոխարեն կտրամադրվի հաշված րոպեների ընթացքում»,- գրել է նա։

Ըստ Բիչախչյանի` լինելու են մի քանի տեղեկանքների ձևեր՝ դիմող անձը որ հասցեում է հաշվառված, կոնկրետ հասցեում ովքեր են հաշվառված, անձը հանված է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից (ներկայիս տեղեկանքը բովանդակում է այս բոլոր լուծումները, բառերի տակ գրիչով գծեր են քաշվում, ինչն էլ իր հերթին տեղեկանքը դարձնում է խրթին)։

«Արդյունքում կունենանք ժամանակակից, ընթեռնելի տեղեկանք, իհարկե այն կշարունակի մնալ որպես խիստ հաշվառման փաստաթուղթ, կունենա հերթական համար, անձնագրային ծառայության կոդով»,- ընդգծել է նա:

Այսօր տեղեկատվությունը լրացնում է աշխատակիցը ոչ թե համակարգչով, այլ գրիչով: Այն ժամանակատար է, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով երբեմն լինում է անընթեռնելի: Բացի այդ, օրենսդրությամբ սահմանված է դրույթ, համաձայն որի վերը նշված տեղեկանքը տրամադրվում է հաջորդ աշխատանքային օրը: Այս ամենի հետ մեկտեղ նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներ և նախակրթական ուսումնական հաստատություններ տեղեկանքներ ներկայացնելու պատճառով մի քանի անգամ ծանրաբեռնվում է անձնագրային ծառայությունների աշխատանքը, առաջանում են հերթեր, ընկնում է ծառայության սպասարկման որակը: