Կրթական ոլորտի խնդիրներից մեկն այն է, որ երեխաներից շատերը դպրոց ընդունվելու հետ կապված խնդիրներ են ունենում օրենքի բացի ու տեղեկացվածության պակասի պատճառով։
Լուսինե Սարգսյանը նշում է, որ դպրոց ընդունվելու կարգը բավականաչափ մանրամասն չի ամրագրում ընթացակարգերը։ Նախատեսված է, որ ընդունելությունը երկու փուլով է արվում` հուլիս և օգոստոս ամիսներին, բայց երբ երեխայի թղթերը ներկայացնում են, նախ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ թղթեր են պետք և ինչ ժամկետներում, հայտնի չէ նաև, թե ինչ ժամկետներում պետք է պատասխանը տրվի` արդյոք երեխան ընդունվում է դպրոց, թե ոչ։
«Օրենքը մանրամասն չի ասում, թե ինչ է պետք անել այդ ժամանակահատվածում։ Իրազեկման խնդիր է առաջանում։ Եթե ծնողը փաստաթղթերը ներկայացրել է օգոստոսին, և նույն ամսվա վերջին ծնողի հայտնեն, որ երեխան այս-այս պատճառով չի կարող ընդունվել տվյալ ուսումնական հաստատություն, նա փաստաթղթերը այլ դպրոց ներկայացնելու հնարավորություն այլևս չի ունենա։ Ստացվում է, որ երեխան բաց կթողնի այդ տարին»,- նշում է նա։
Սարգսյանի խոսքով` իրենց բարձրացրած խնդիրն այն է, որ օրենքը հստակ կարգավորի ժամկետները. եթե ծնողը ներկայացրել է փաստաթղթերը, ապա եռօրյա ժամկետում պետք է պատասխան ստանա, որպեսզի իմանա իր հետագա անելիքը, ժամկետները կարևոր են նաև դպրոցի տնօրենի կամ փաստաթղթեր ընդունող անձի տեսանկյունից, որպեսզի նրանք իմանան` ինչ ժամկետում պատասխանեն, որպեսզի խնդիրներ չառաջանան։