ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Սիսիանի Երկրապահ կամավորական միության անդամների մոտից ռազմական ոստիկանությունը հայտնաբերել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Սիսիանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հ.Ծ-ն և Որոտան գյուղի բնակիչ Ա.Գ-ն Ռազմական ոստիկանություն են հանձնել մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք:
Մեկ այլ դեպքով՝ N զորամասի նախկին սպա, ավագ լեյտենանտ Հ.Դ-ի հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Ռազմական ոստիկանություն է հանձնվել ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ, իր փամփուշտատուփերով և փամփուշտներով:
Հայտնաբերված զենքերի, զինամթերքների և զինվորական հանդերձանքների վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր»,–ասված է հաղորդագրության մեջ:
Իր գրառման վերջում Հովհաննիսյանը հիշեցնում է, որ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: