Մանվելը պետք է պատժվեր Սեյրան Օհանյանից, Սաշիկ Սարգսյանից, Ծառուկյանից հետո. «Ժամանակ»

Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կինը վարչապետին ուղղված գրառում է կատարել, որտեղ անարդար է որակել նրա գործողությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի- Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կինը, ով ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի դուստրն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված գրառում է կատարել:

«Անարդար եք, պարոն Փաշինյան, Մանվելը սուրբ չէ, եթե այդպես է, սկսեք Սեյրան Օհանյանից, Սաշիկ Սարգսյանից, Լֆիկ Սամոյից, Ծառուկյանից, և ամենավերջում պետք է պատժվեր Մանվելը»,- գրել է Հռիփսիմե Հակոբյանը»:

Ինչպես է ԱԱԾ–ն մտել Շմայսի տուն ու խուզարկություն իրականացրել. տեսանյութ

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:
Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Մանվել Գրիգորյանը կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։