Նախարարն անձամբ է միջամտել. դահլիճների վարձավճարները վերանայվել են

Լիլիթ Մակունցն արձագանքել է Վահան Արծրունու բարձրացրած խնդրին և փորձել լուծում գտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անձամբ զրուցել երևանյան դահլիճների ղեկավարների հետ և փորձել լուծում գտնել վարձակալության խնդիրներին, որի մասին բարձրաձայնել էր երգիչ, երգահան Վահան Արծրունին։

Արմեն Ամիրյանը փնտրում է Վահան Արծրունու չկայացած համերգի մեղավորին

Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում և տեղեկացրել, որ բարձրացրած խնդիրը քննարկելու նպատակով ինքը նախ հանդիպել է Վահան Արծրունուն։

«Վերջին շաբաթների ընթացքում անձամբ զրուցել եմ ստորև հրապարակված յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի տնօրենի հետ և քննարկել, համաձայնեցրել գնացուցակը՝ հաշվի առնելով նրանց հիմնավորումները: Արդյունքում 25-ից 13 դահլիճի գներ վերանայվել են, 9-ի դեպքում գինը մնացել է անփոփոխ, 3 ՊՈԱԿ-ների դահլիճների վարձակալության գները դեռ ճշտման փուլում են:

Ստորև կարող եք ծանոթանալ այդ փոփոխություններին: Գների վերանայման հրամանն ուժի մեջ է մտնելու սույն թվականի հուլիսի 1-ից: Ցանկը պաշտոնապես կհրապարակվի նախարարության կայքում»,–գրել է Մակունցն ու ներկայացրել թարմացված գնացուցակը:

Լիլիթ Մակունցի գրառման արձագանքել է Վահան Արծրունին` շնորհակալություն հայտնելով արագ արձագանքի համար։