Զոհրաբ Մնացականյանն ասել է, թե ինչն է խանգարում Արցախի բանակցային գործընթացին

ՀՀ ԱԳՆ–ն ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, մարդկանց միջև շփումների խոչընդոտումը պետք է հստակորեն մերժվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության աներեր հանձնառությունը Հայաստանի ժողովրդի կողմից տրված մանդատը հաստատակամորեն իրականացնելու և օրենքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման, երկրում բոլոր ուղղություններով արդարության և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ: Այս մասին Մինսկում Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը։

Արցախի ձայնը պետք է լսելի լինի․ արդո՞ք կփոխվի բանակցությունների ձևաչափը

Կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների առնչությամբ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է շարունակական, կանխատեսելի և ամուր ներգրավվածություն բոլոր բարեկամների և գործընկերների հետ՝ ինքնիշխան հավասարության հիման վրա, որն ուղղված է Հայաստանի շահերի առաջմղմանը, փոխադարձ շահավետ համագործակցության և գործընկերության խրախուսմանը։

ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար, և դրան պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի։ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, մարդկանց միջև շփումների խոչընդոտումը պետք է հստակորեն մերժվեն։

Ե՛վ ԵՄ անդամ երկրները, և՛ Արևելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձևաչափի աշխատանքները»։

Եզրափակելով իր խոսքը՝ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստակամ է ստանձնելու առավել լայն պատասխանատվություն և ներգրավվածություն Եվրամիության, ԵՄ անդամ պետությունների և գործընկեր երկրների հետ՝ անվտանգ, կայուն և բարգավաճ հարևանությամբ ընդհանուր տարածաշրջանի ձևավորման համար։