«Ինձ համար միևնույն է, իսկ ձե՞զ համար». Մելանյան քննադատությունների թիրախ

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանյան, սխալ բաճկոն է հագել։ Ամուսինը ստիպված է եղել բացատրություն տալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, խիստ քննադատության է ենթարկվել այն բաճկոնի ընտրության համար, որով նա Տեխասում այցելել է մի կենտրոն, որտեղ պահվում են անօրինական միգրանտների երեխաները:

Բաճկոնի թիկունքին մեծ տառերով գրված է եղել «Ինձ համար իրոք միևնույն է, իսկ ձե՞զ համար» (“I really don՚t care do u?”), տեղեկացնում է BBC-ին: Առաջին տիկնոջ, որը մինչև Թրամփի հետ ամուսնանալն զբաղվել է մոդելային գործարարությամբ, մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հագուստի ընտրության հարցում որևէ ծածուկ իմաստ չի եղել:

Բայց Zara ֆիրմայի 39 դոլար արժողությամբ բաճկոնը բուռն վրդովմունք է առաջացրել սոցցանցերում: Դոնալդ Թրամփն  ավելի ուշ Twitter-ում գրել է, որ բաճկոնի վրայի ուղերձը «վերաբերում է զանգվածային լրատվամիջոցներին, որոնք ստահոդ նորություններ են հրապարակում»:

Սակայն Twitter-ի հազարավոր օգտատերեր անմիջապես սկսել են քննադատել Մելանյա Թրամփին եւ նրա ոչ այնքան քողարկված ուղերձը:

Հունիսի 21-ին Մելանյա Թրամփը Տեխասում այցելել է այն կենտրոն, որտեղ հիմնականում պահվում են անչափահաս միգրանտները, որոնք երկիր են ժամանել անօրինական ձևով և առանց ծնողների, թեև այնտեղ կան նաեւ մի քանի երեխաներ, որոնց սահմանին առանձնացրել են ծնողներից: Մելանյան հայտարարել է, որ կցանկանար  օգնել ընտանիքների վերամիավորմանը: