Գլենդելի քաղաքապետը պատմել է, թե ինչու են ԱՄՆ–ի հայերն ուզում տեղափոխվել Հայաստան

Կա քաղաքացիների երկու տեսակ, որոնք պատրաստ են ԱՄՆ–ից տեղափոխվել Հայաստան` մշտական բնակություն հաստատելու, հայտարարել է Ամերիկայի «ամենահայկական» քաղաքի քաղաքապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ԱՄՆ–ում բնակվող շատ հայեր պատրաստվում են վերադառնալ Հայաստան, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց Գլենդելի քաղաքապետ Զարե Սինանյանը։

Նրա խոսքով` ԱԱԾ–ի և ոստիկանության վերջին բացահայտումները շատերին են ոգեշնչել։

«Իհարկե, Հայաստանի բնակիչներն են անմիջականորեն բախվել կոռուպցիային, իրենց կաշվի վրա զգացել դա, բայց այն, որ արդարությունը հաղթում է, շատ կարևոր է սփյուռքի համար», – նշեց Սինանյանը։

Կոռուպցիայի դեմ Փաշինյանի գործողությունների արդյունավետությունը մեկնաբանում է Մարկեդոնովը

Նրա խոսքով` կա քաղաքացիների այլ տեսակ, որոնք ցանկանում են վերադառնալ. խոսքը սոցիալապես անապահով շերտերի մասին է։ Հայաստանում բոլորը չէ, որ հարուստ են, նշեց Սինանյանը, և շատերը, հատկապես կենսաթոշակային տարիքի մարդիկ, ցանկանում են ծերությունն անցկացել հայրենիքում։

«Նրանց համար ԱՄՆ–ում դժվար է ապրել պետական կենսաթոշակով, իսկ Հայաստանում այդ փողով կարելի է նույնիսկ լավ ապրել։ Այդ մարդիկ այսօր մտածում են հայրենադարձության մասին», – հայտարարեց Սինանյանը։

Գլենդելի քաղաքապետը նշեց, որ դեմոկրատացման գործընթացների խորացմանը զուգահեռ կաճի նաև հայրենադարձների թիվը։

Ավելի վաղ Հայաստանի սփյուռքի նախարարը հայտարարել էր, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մարդիկ արդեն սկսել են վերադառնալ, և աշխատանքի առաջին օրը հայտարարել է, որ Հայաստանի բնակչությունը կարող է հասնել չորս միլիոնի, բայց նոր իշխանության օրոք։