Հայաստանի ընդերքը սուպերմարկետ չէ, իշխանությունը չպետք է վաճառի բնական պաշարները. փորձագետ

Պետությունն ինքը պետք է որոշի` որքան և ինչ մետաղներ են պետք տնտեսության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հայաստանի իշխանությունները չպետք է առանց վերահսկողության վաճառեն հանրապետության բնական պաշարները։ Այս մասին լրագրողներին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության լիցենզիաների տրամադրման բաժնի նախկին պետ, Հանրային խորհրդի փորձագետ Գագիկ Դուրունցը։

«Պետությունը պետք է որոշի, թե որքան և ինչ պաշարներ են պետք տնտեսության համար։ Իսկ մասնավոր ընկերությունները պետք է լինեն հանքերի կապալառուները, այլ ոչ թե կառավարիչները։ Ով հանքավայրը շահագործի ըստ կանոնների ավելի քիչ ծախսերով, նա էլ կաշխատի։ Ահա մոդելը, որը ես առաջարկում եմ», – հավելեց նա։

Հայաստանի հանքերը նորմալ չեն վճարել հարկերը, բացի մեկից. ՊԵԿ պետի տեղակալ

Դուրունցն ընդգծեց, որ հանքերը սուպերմարկետ չեն, որտեղ սպասում են գնորդներին, այստեղ պետք է մեծ պատասխանատվություն դրսևորել և հասկանալ տնտեսության պահանջները։

Բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանն էլ նշեց, որ հանքերը պետք է դարձնել բաց բաժնետիրական ընկերություններ, որոնց անդամները կլինեն քաղաքացիները և պետությունը։

Այսպիսով` պետք է մտածել ոչ միայն ակնթարթային օգուտի, այլ նաև երկարաժամկետ փոխհատուցվելիության մասին ` հազվագյուտ մետաղների արդյունահանման և գործող հանքերի պոչամբարների վերամշակման մասին։ Չէ՞ որ միայն Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարներում կան ավելի քան 10 մետաղներ` շատ թե քիչ նկատելի բովանդակությամբ։ Իսկ ահա Սոթքի հանքավայրի պոչամբարներում (երկրում խոշորագույն ոսկու հանքը) կան հանքաքարեր` մեկ տոննայի մեջ մինչև երկու գրամ ոսկի պարունակությամբ։

Արդյունահանման և երկրորդային մշակման համար ավելի շատ փողեր են պահանջվում, և դա շուտ չի փոխհատուցվի։ Պետությունը կարող է նաև սպասել, եթե նա ռազմավարական նպատակներ ունի։ Իսկ հանքերը ոչ այլ ինչ են, քան երկրի ռազմավարական պաշարը, եզրափակեց Շահազիզյանը։