«Շատ շնորհքով են պահել իրանց, ես էլ տղամարդավարի պատասխանել եմ». Շմայսը` ԱԱԾ–ի մասին

Առաքել Մովսիսյանն իր ամբողջ զենքը հանձնել է, որովհետև, ինչպես ինքն է ասում`մենք լավ երկրում ենք ապրում, զենք պետք չի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Շատ շնորհքով են պահել իրենց, օրենքի տառին համապատասխան։ Sputnik Արմենիայի զանգին ի պատասխան այսպես է նկարագրում երեկ իր տանը իրականացրած ԱԱԾ գործողությունները ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)։

«ԱԱԾ–ն իմ գյուղում ներխուժել է իմ տուն` օրինական, անօրինական զենքեր փնտրելու։ Օրինական զենքերը ես բոլորը տվել եմ։ Շատ շնորհքով են պահել իրանց, օրենքի տառին համապատասխան»,–ԱԱԾ աշխատակիցների գործողություններից շատ գոհ արձանագրում է Առաքել Մովսիսյանը։

«Առաքել Մովսիսյանին ազատ են արձակել». Այգեկի համայնքապետ

Հետո նրան տարել են Ազգային անվտանգություն, որտեղ էլ կատարվել է հարցաքննություն։ «Ինձ հարցրել են` ունեք անօրինական զենք, ես տղամարդավարի պատասխանել եմ` «Արցախից 25 տարի առաջ պատերազմից հետո թուրքից զենք եմ բերել` մի քանի հատ, պատրաստ եմ բոլորը հանձնեմ, քանի որ, իրենց ներխուժման կարգավիճակը գնահատելով, ես արդեն վստահում եմ Ազգային անվտանգությանը»»,–պատմում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավորը։

Նրա խոսքով` ինքը հետո իր պահեստները ցույց է տվել և ամբողջ զենքը հանձնել ԱԱԾ–ին։ Հարցին, թե այլևս զենք չունենք, Առաքել Մովսիսյանը բարկացած արձագանքում է. «Բոլորը հանձնել եմ, ինձ արդեն հետաքրքիր չի զենք պահել, քանի որ մենք լավ երկրում ենք ապրում, վերջ»։

Հիշեցնենք, որ հունիսի 21–ին ԱԱԾ խուզարկություն էր իրականացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին պատկանող Արամվիրի մարզի Այգեկ գյուղի առանձնատանը։ Առաքել Մովսիսյանը բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն, բայց ուշ երեկոյան ազատ էր արձակվել: