Կաշառել էր ու խոստացել ևս 4 հազար դոլար տալ. «Շիրակի» մարզչի «քաջագործության» մանրամասները

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը ֆուտբոլիստին կաշառք է տվել «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արարատ Հարությունյանի` կաշառք տալու գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ աղմկահարույց գործով քրեական գործ է հարուցվել։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները պահանջում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

«Տվյալներ են ձեռք բերվել, որ մայիսի 3-ին Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի վրա գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ` ավտոմեքենայի մեջ, «Շիրակ» ՖԱ-ի մարզիչ Արարատ Հարությունյանը մայիսի 5-ին կայանալիք «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների արհեստավարժ մարզամրցման ժամանակ դիտավորյալ սխալներ թույլ տալով խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով կաշառել է «Բանանց» ՖԱ-ի արհեստավարժ ֆուտբոլիստ էդվարդ Կպոդոյին' տալով 1.000 ԱՄՆ դոլար գումար և խոստացել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից նշված ֆուտբոլային խաղը հաղթելու դեպքում տալ ևս 4.000 ԱՍՆ դոլար գումար»,- գրել է Աբրահամյանը:

Դեպքի առթիվ 2018 թվականի մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաք վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով (Արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսադիր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպություններին կաշառելը) հարուցվել է քրեական գործ:

Վարույթն իրականացնող մարմնի հունիսի 22-ի որոշմամբ` Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կասեցվել էր «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անդամությունը ՀՖՖ–ին։