Սերժ Սարգսյանի թիկնազորի պետն իր հայտարարագրերում չի նշել միլիոններն ու թանկարժեք իրերը

«Յանս» ակումբի խուզարկության արդյունքներով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 20-21-ին կատարված խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ։

Քննչական կոմիտեն հայտնում է`ինչ է արել «Յանս» ռեստորանային համալիրում հայտնաբերված գումարը

Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Արդեն տեղեկացրել ենք, որ քրգործի շրջանակում խուզարկություններ են կատարվել նաև «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում։

Արդյունքում ՝ «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35 միլիոն ՀՀ դրամ, 1 միլիոն 110 հազար 400 ԱՄՆ դոլար, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2 հազար ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ»,- գրել է Տռուզյանը:

Նրա խոսքով՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Բեգլարյանի ամուսինը՝ Վ.Ղազարյանը, հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր:

«Սակայն ինչպես Վ. Ղազարյանի, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Ռ.Բեգլարյանի հայտարարագրերում բացակայում են նշումներ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի վերաբերյալ»,- գրել է Տռուզյանը:

Նշենք, որ ոստիկանությունը «Յանս» ակումբում խուզարկություն էր իրականացրել հունիսի 20-ին։

Ակումբը գտնվում է Երևանի կենտրոնում, այն պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին, որը համարվում էր ՀՀ երրորդ նախագահի ամենահավատարիմ մարդկանցից մեկը։

Ղազարյանն այդ պաշտոնից ազատվել է մայիսի 21-ին։