ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Անդիկ» մականունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի կողմից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է` 2018թ. հունիսի 20-ին Անդրանիկ Հարությունյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «NEXIUM» գրառումով պլաստմասե տարրա, որի մեջ եղել է 9 հատ հաբ՝ դաջված «M» տառով, իսկ հյուրասենյակից՝ սպիտակ գույնի բյուրեղանման փոշիացված զանգված:
Դատաքիմիական փորձաքննության թիվ 289 Ք-18 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված փոշեբյուրեղանման զանգվածը հանդիսանում է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց՝ 0,24 գրամ քաշով, 9 հատ դեղահաբերում ևս հայտնաբերվել է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որում «Մեթադոնի» ընդհանուր քաշը կազմում է 0,09 գրամ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:
Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել է՝ թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով: