ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրն այսօր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելն է, «Միր24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ կառավարության ղեկավարը համոզված է, որ իր գլխավորած քաղաքական ուժը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — խմբ.) կհաղթի խորհրդարանական արտահերթ ընտրություններում` անկախ նրանից` այդ ընտրությունները կլինեն վաղը, թե 6 ամիս հետո։
Նա իր թիմի հետ աշխատելու է այդ ուղղությամբ, փորձելու են պահպանել այն վստահությունը, որ ունեն այսօր։ Սակայն գլխավոր նպատակը առողջ քաղաքական մրցակցության մթնոլորտ ստեղծելն է։
«Քաղաքական ուժերից շատերն ընդհանրապես չէին սպասում, որ Հայաստանում նման բան տեղի կունենա։ Մենք, իհարկե, ուզում ենք հաղթել ընտրություններում և աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Բայց մենք ուզում ենք նաև ժամանակ տալ մյուս քաղաքական կուսակցություններին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան նախապատրաստվելու ընտրություններին», — ասաց նա։
Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը վարչապետն անվանել է կոռուպցիան, որը, նրա խոսքով, Հայաստանին հնարավորություն չտվեց զարգանալու այնպես, ինչպես իրականում հնարավոր էր։ Վարչապետը խոստանում է շարունակել կոռուպցիայի դեմ պայքարը` համոզված լինելով վերջնական արդյունքում։
Երկրում տիրող ներկայիս իրավիճակը Փաշինյանը քաղաքացիների գիտակցության մեջ մեծ և դրական փոփոխությունների հաղթարշավ է անվանել։ Եվ այդ գործընթացը, նրա համոզմամբ, անդառնալի է։