Փաշինյանը խոսել է Պուտինի հետ հարաբերությունների և ԵԱՏՄ շուկայի մասին

Եվրասիական շուկայի ներուժը շատ մեծ է, սահմանափակումներ էլ գրեթե չկան, կարծում է ՀՀ վարչապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շուկայում կարող է անվերջ արտահանում իրականացնել։ Այս մասին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վլադիմիր Վլադիմիրովիչն այդպիսի մարդ է. Փաշինյանը խոսել է Պուտինի մասին

Նրա խոսքով` Հայաստանն այդ ուղղությամբ պետք է աշխատի։ Այսօր ավելի շատ է հայկական միրգ ու բանջարեղեն, պահածոներ, գինի և կոնյակ արտահանվում Ռուսաստան։

«Մենք հույս ունենք, որ կհասնենք արդյունաբերական արտադրանքի արտահանման աճի: Հույս ունենք նաև, որ կավելանան զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միության այլ երկրներից դեպի Հայաստան», — ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական միությունն առևտրային հարաբերություններում իսկապես ոչ մի սահմանափակում չունի։

Փաշինյանն ասել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վստահելի հարաբերություններ են ձևավորվել։

«Ձևավորվել են ուղիղ, անկեղծ հարաբերություններ, մենք ուղիղ և անկեղծ ամեն ինչ քննարկում ենք։ Կարծում եմ` լավ ենք հասկանում միմյանց։ Այս հարաբերությունները օգնեցին, որ այս կարճ ժամանակահատվածում շատ լավ և վստահելի մակարդակի հասանք», — նշել է Փաշինյանը։

Նա ավելացրել է, որ այդպես պետք է շարունակել։