Երկու հայ «օրենքով գող» դուրս են եկել ռուսական բանտից

Երկուսին էլ ազատազրկել էին թմրանյութերի պատճառով, երկուսն էլ 3-4 տարի ազատազրկման էին դատապարտվել, երկուսն էլ նույն օրը դուրս եկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում ազատ են արձակվել երկու հայ «օրենքով գողեր»` Ռուբեն Քոսյանն ու Արսեն Մկրտչյանը։ Սեփական աղբյուրներին վկայաբերելով` այս մասին հայտնում է «Փրայմ քրայմ» գործակալությունը։

Ձերբակալվել է «օրենքով գող» Անդիկը

Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանցի) հայտնի «օրենքով գողերից» մեկի` Մայիս Մկրտչյանի (հայտնի էր «Կնդո» մականունով, մահացել է 2005 թվականին) զարմիկն է։ Նա հաստատվել է Կալուգայի շրջանում և այնտեղ մեծ ազդեցություն ունի։ Արսեն Երևանցին թմրանյութեր պահելու համար 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել անցյալ տարվա սեպտեմբերին։

Աղբյուրի տվյալներով` Արսեն Երևանցու ազատազրկման ժամկետը նվազեցրել են առողջական վիճակի պատճառով։ Նշենք, որ Կալուգայի «օրենքով գողն» առաջին անգամ էր հայտնվել բանտախցում։

Ռուբեն Քոսյանը, որը գողական աշխարհում հայտնի է որպես Ռուբեն Իվանովսկի, երկար տարիներ գործունեություն է ծավալել ՌԴ Իվանովսկի մարզում և այնտեղ հզոր դիրքեր է զբաղեցնում։ 2015 թվականի ամռանը նրան 3 տարվա ազատազրկման էին դատապարտել թմրանյութեր պահելու համար։