Ավտոբուս չի հասնում. իշխանությունը մտածում է գյուղական տրանսպորտին տեր կանգնելու մասին

Հանրապետությունում հասարակական տրանսպորտ չունեցող մոտ 100 գյուղ կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հայաստանի կառավարությունը կվերադառնա մարզերում միասնական տրանսպորտային օպերատորների նախագծին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

Նախարարությունն արդեն երեք ամիս ուսումնասիրում է մարզերի ուղևորահոսքը։ Եվս երկու ամիս հետո երթուղային ցանցի մրցույթ կհայտարարվի Լոռու մարզում։

«Ինչո՞ւ ենք մենք ուզում, որ օպերատորը մեկը լինի։ Որպեսզի նա սպասարկի բոլոր երթուղիները` շահութաբեր և վնասաբեր։ Մենք այդ գաղափարը կփորձենք Լոռու մարզում», — ասաց նա։

Նախարարությունը մրցույթի հաղթողին պայմաններ կառաջադրի, այդ թվում` ուղևորավարձի առավելագույն չափը։

Հետո նախարարությունը կշարունակի ուսումնասիրել ամբողջ հանրապետության ուղևորահոսքը։ Դրանից հետո պատրաստվում են մրցույթներ հայտարարել նաև այլ մարզերի համար։

Նշենք, որ միասնական տրանսպորտային ցանցի մասին հայտարարել էր դեռ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հանրապետությունում 100 բնակավայր կա, որտեղ հասարակական տրանսպորտը չի հասնում։