ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Եթե որևէ մեկը փորձի իմ անունն արատավորվել, պատիվս պաշտպանելու եմ դատարանում»

ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում խոսել է իր կիսակառույց առանձնատան մասին և պաշտոնապես հայտարարել, որ անգամ մեկ դրամ չի մսխել պետբյուջեից։
Sputnik
Էդուարդ Շարմազանով. որևէ մեկը չի կարող հիմնավորել, որ ես եղել եմ որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ

Շարմազանովը վստահեցնում է, որ ինքը երբեք որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ չի եղել և պետական փողերից ոչ մի դրամ չի յուրացրել։

«Եթե հիմա կան պաշտոնյաներ, որոնք ասում են, թե ապացուցելու են, որ կարելի է լինել պաշտոնյա և պետական բյուջեից մի կոպեկ չուտել, հիմա ես հայտարարում եմ` ութ տարուց ավելի ՀՀ-ի բարձրագույն պաշտոնյաներից մեկն եմ, և որևէ մեկը չի կարող ներկայացնել, որ ես որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ եմ եղել, պետբյուջեից գոնե մեկ լումա յուրացրել կամ մսխել եմ»,- նշեց նա։

Զարուհի Փոստանջյանն այսօր ֆեյսբուքյան եթերում ցուցադրել է Շարմազանովի կիսակառույց շինությունը և հայտարարել, որ այն «կառուցվում է հանրային միջոցների՝ ժողովրդից թալանված փողերի հաշվին»:

«Եթե սրանից հետո որևէ մեկը փորձի իմ անունն արատավորել, ես պատիվս կպաշտպանեմ դատարանում»,- ասաց ՀՀԿ խոսնակը։

Նրա խոսքով` այդ կիսակառույց շինությունը նորություն չէ։

«Դա իմ հայտարարագրում գրված է, ութ տարի այդ մասին խոսում եմ, իններորդ տարին կառուցում եմ։ Աստված տա, շուտ կառուցեմ, բարի մարդկանց էլ հրավիրեմ իմ օջախ»,- ասաց նա։

Տեղեկացնենք, որ Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի հոլովակ, որտեղ մատնացույց է անում, իր մեկնաբանությամբ, այն պետական պաշտոնյաների առանձնատները, որոնք այդ շինությունները կառուցել են «հանրային միջոցների» հաշվին։