Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Պետական վերահսկողական ծառայության այսօրվա պետի արարքներում հանցակազմ չեն գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Սարի թաղի դեպքերից 2 տարի անց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի և Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Դավիթ Սանասարյանը լուրջ պայքար է խոստանում «նախորդ իշխանության մնացորդների դեմ»

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ դադարեցվել է Երևան քաղաքի Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Ղումաշյանի, Հովհաննես Ղազարյանի, Գարիկ Առուստամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Վերացվել են նաև նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները:

Դավիթ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության պետ է նշանակվել այս տարվա մայիսին։