Արթիկի պատիժը Մանվել Գրիգորյանին, գեներալն այլևս պատվավոր քաղաքացի չէ

Արթիկ համայնքի ավագանու 11 անդամ միաձայն կողմ քվեարկվեցին որոշմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Արթիկի ավագանին այսօր որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկի  պատվավոր քաղաքացու կոչումից:

Նիստն արտահերթ  էր. ավագանու քննարկման էր ներկայացվել միայն մեկ հարց` Մանվել Գրիգորյանին Արթիկի  պատվավոր քաղաքացու կոչումից զրկելը: Ինչպես նիստին ներկայացվեց, Արթիկ համայնքի ղեկավարը և ավագանու անդամները, Արթիկի ողջ հանրությունը խորը զայրույթով և հիասթափությամբ են ընդունել Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կատարած չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ ներկայացրած տվյալները։

«Ես հավատում եմ ինձ, իմ ընկերներին, իմ երկրին, արդարադատությանը». գեներալ Մանվելի ուղերձը

Բազմաթիվ քաղաքացիներ պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին որոշեց՝ Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից  և Արթիկ համայնքի ավագանու 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 15 որոշումը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Արթիկի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին» ճանաչել ուժը կորցրած:

Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 11 անդամներ, ովքեր միաձայն կողմ քվեարկեցին որոշմանը: