ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հաղորդել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկության արդյունքներով:
Sputnik Արմենիային տրամադրած հաղորդագրության համաձայն` Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահում է զենք և ռազմամթերք: Հանցավորության դեմ տարվող պայքարում իրավապահ մարմինների ակտիվությամբ պայմանավորված՝ Առաքել Մովսիսյանը նշված զենք ու ռազմամթերքը թաքցնելու նպատակով, իր վստահելի անձանց միջոցով, տեղափոխել և պահել է այլ վայրում:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը, փոխադրելը և պահելը: Վերոհիշյալ քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 21-ին խուզարկություններ են իրականացվել Առաքել Մովսիսյանի տանը, ինչպես նաև զենք-ռազմամթերք տեղափոխելու և պահելու հնարավոր վայրերում: Խուզարկությամբ հայտնաբերվել է ենթադրաբար օրինական զենք և ռազմամթերք՝ գրանցման փաստաթղթերով:
Առաքել Մովսիսյանը հուլիսի 21-ին բերվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, որտեղ նրան են ներկայացվել զենքի ապօրինի շրջանառության իր ներգրավվածության վերաբերյալ անառարկելի տվյալներ: Ինչպես նաև պարզաբանվել են դրանք ինքնակամ հանձնելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվությունից ազատվելու հիմքերը, ինչից հետո՝ բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս պատրաստակամություն է հայտնել՝ հանձնելու դեռևս Արցախյան ազատամարտի տարիներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահած զենքն ու ռազմամթերքը:
Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից հանել ու կամովի հանձնել է զենքն ու ռազմամթերքը, մասնավորապես՝ «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, որից մեկը՝ փողատակային նռնականետով, «ՌՊԿ» տեսակի մեկ գնդացիր, «Բելկա» տեսակի 1 համակցված հրացան, 3 որսորդական հրացան, տարբեր տրամաչափի թվով 162 փամփուշտներ:
Զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով Առաքել Մովսիսյանը ազատ է արձակվել: Կատարվում է նախաքննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերված զենքի օգտագործումն այլ հանցագործություններում ստուգելու ուղղությամբ:
ՀՀ ԱԱԾ-ն, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Ազգային անվտանգության ծառայությունը վերահաստատում է, որ ապօրինի զենք-զինամթերքի դեմ պայքարը կրելու է շարունակական բնույթ և ըստ այդմ քաղաքացիներին կոչ է անում ապօրինի պահվող զինամթերքը հանձնել իրավապահ մարմիններին: