Երկու մատների ուժը. բրիտանական պարբերականը հիացած է հայ երիտասարդով

Նարեկ Հակոբյանը առողջ ապրելակերպի մեծ երկրպագու է։ Նրա մարզումները հետաքրքրել են հայտնի բրիտանական պարբերականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Այս յուրահատուկ մարզիկին միայն երկու մատ է անհրաժեշտ` հատակից կտրվելու վարժություն անելու համար։ Հենց այսպես է բրիտանական Daily Mail պարբերականը նկարագրում 29–ամյա Նարեկ Հակոբյանին Վանաձորից։

«Ամեն առավոտ մի քանի ժամ մարզվելով` Նարեկին հաջողվել է կատարելության հասցնել երկու մատներով հատակից պոկվելու վարժությունը», – գրում է պարբերականը։

Երիտասարդն արդեն երկար տարիներ զբաղվում է ֆիթնեսով և հաճախ նկարում է իր մարզումները։ Նա համապատասխան ալիքներ է բացել Facebook սոցիալական ցանցում և YouTube–ում։ Չնայած տղայի մարզումների բացառիկությանը` նրա սեփական տեսանյութները հազվադեպ են հազարավոր դիտումներ հավաքում։

Բայց փառքը ծեծել է վանաձորցու դուռը։ Իր աշխատասիրության և երկու մատներով բարդ վարժություն անելու շնորհիվ Նարեկի վրա ուշադրություն են դարձրել միջազգային կազմակերպությունները։ Երիտասարդ մարզիկի սենյակի պատը ծածկված է համաշխարհային ռեկորդը հաստատող պատվոգրերով։

Նախօրեին բրիտանական օնլայն ամսագրում Հակոբյանի մարզումներից մեկը հրապարակելուց հետո հայը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։