Ընտրություններ Թուրքիայում. ի՞նչ անակնկալ է պատրաստում ընդդիմությունը Էրդողանի համար

Թուրքական ընդդիմությունը երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարող է համախմբվել նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ։ Ընդդիմության ձայների միավորման հետևանքով Էրդողանի կուսակցությունը կարող է զրկվել խորհրդարանական մեծամասնությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հունիսի 24–ին Թուրքիայում կայանալիք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները յուրահատուկ են այն առումով, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմությունը կարող է միավորվել գործող նախագահի և նրա իշխող կուսակցության դեմ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Մեծ հավանականություն կա, որ ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում կարող են հավաքել բավարար քանակությամբ ձայներ` Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծամասնությունից զրկելու համար», – ասաց փորձագետը։

Էրդողանը ճակատագրական սխալ է գործում՝ Արցախի հարցն օգտագործելով նախընտրական քարոզարշավում

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում Էրդողանի կուսակցության հետ դիմակայության մեջ կմտնեն քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որը կոալիցիա է կազմել վերջերս ստեղծված Լավ կուսակցության հետ, մյուս կողմից` քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդ Սելահաթթին Դեմիթաշը բանտում է։

Էրդողանի գործերն այդքան լավ չեն նաև նախագահական ընտրություններում։ Նրա հիմնական մրցակիցը` քեմալական կուսակցության ներկայացուցիչ Մուհարեմ Ինջեն, սրընթաց կերպով հայտնիություն է ձեռք բերում, նրա նախընտրական ելույթները լավ են ընդունվում։ Բոլոր շանսերը կան, որ Ինջեն մյուս թեկնածուների հետ կխանգարի Էրդողանին ստանալ ընտրողների 50%+1 ձայնը։ Եվ այդ դեպքում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ ընդդիմությունը կարող է առաջ անցնել գործող նախագահից։

Ինչպես կարծում է Գեղամյանը, ընտրություններում որոշիչ կլինեն քրդերի ձայները, որոնք բնակվում են երկրի հարավ–արևելքում։ Քրդերի հիմնական ֆավորիտը Ժողովրդադեմոկրատական կուսակցությունն է։ Սակայն քրդերի շարքում կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք դեռ չեն կողմնորոշվել, թե ում են տալու իրենց ձայնը։

Միաժամանակ Գեղամյանը նշում է, որ հիմա իշխանություններն ակտիվորեն նախապատրաստվում են կեղծիքների անելուն։ Զգալով ձախողման վտանգը` Էրդողանի ռեժիմը գործի է դնում ունեցած վարչական և ուժային ռեսուրսները։

Մեկնաբանելով սպասվելիք ընտրություններում հայկական թեմայի գործոնը` Գեղամյանը նշեց, որ եթե իշխող կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանը գրեթե չի շոշափվում, ապա քեմալականները և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը խոսում են Հայաստանի հետ սահմանը բացելու մտադրության, դիվանագիտական և առևտրային հարաբերություններ հաստատելու մասին։ Ընտրություններում ընդդիմության հաջողությունը թույլ կտա հուսալ, որ հայ–թուրքական հարաբերությունների որոշակի ջերմացում կլինի։