«Ջան, Ուրուգվայ, մենք քեզ հետ ենք». Ռոստովի հայերը սատարել են հավաքականին

Հայ երկրպագուները սատարել են Ուրուգվայի հավաքականին Սաուդյան Արաբիայի հետ խաղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Ռոստովի հայերը հատուկ պատրաստվել էին Սաուդյան Արաբիայի հետ խաղում Ուրուգվայի հավաքականին սատարելու համար։ Մատչ–ՏՎ–ի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը Instagram–ի իր էջում այդ թեմայով լուսանկար է հրապարակել։

«Ուրուգվայն աշխարհի առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մինչ օրս այդ երկրում ապրում են այն հայերի սերունդները, ովքեր Ցեղասպանության ժամանակ փախել են Օսմանյան կայսրությունից», – լուսանկարի տակ գրել է Առուստամյանը։

 

Լուսանկարն ավելի քան 2600 լայքի է արժանացել։ Օգտատերերից շատերը ևս իրենց աջակցությունն են հայտնել Ուրուգվայի հավաքականին։

«Ջան, Ուրուգվայ։ Մենք քեզ հետ ենք, հայերը երկրպագում են քեզ, առաջ, Ուրուգվայ», «Կեցցե՛ք», «Ուրուգվայը միշտ առաջինն է ճիշտ որոշումներ կայացնում», – նման մեկնաբանություններ են արել օգտատերերը լուսանկարի տակ։

Նշենք, որ Ուրուգվայ–Սաուդյան Արաբիա խաղը տեղի է ունեցել հունիսի 20-ին Դոնի Ռոստովում։ Խաղը ավարտվեց ուրուգվայցիների հաղթանակով` 1:0 հաշվով։ Միակ գոլը 23-րդ րոպեին խփեց «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, որն իր 100-րդ խաղն անցկացրեց ազգային հավաքականի մարզահագուստով։ Խաղին ներկա էր 42 678 երկրպագու։