Հայն ու դաղստանցին ողջ–ողջ այրվել են Մոսկվայում. տեսանյութ

Երիտասարդները մահացել են Ռուսաստանի մայրաքաղաքի Կուտուզովյան պողոտայում։ Նրանք 21 և 22 տարեկան էին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Մոսկվայի Կուտուզովյան պողոտայում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը սարսափելի ՃՏՊ է տեղի ունեցել։ «Մոսկովսկի կոմսոմոլեցը» հայտնում է, որ պատահարի հետևանքով մահացել են երկու երիտասարդներ` Ռահմատուլահ Հաջիևը և Գարի Մելկանյանը։

Ավտոմեքենայի ղեկի դիմաց եղել է 22 տարեկան Հաջիևը, որը ծնունդով Դաղստանի Բույնակսկ քաղաքից էր։ Ուղևորը եղել է 21-ամյա Մելկանյանը։ 2016 թվականի արտադրության Mercedes-Benz AMG CLS 63 մակնիշի ավտոմեքենան ընթացել է բաժանարար գոտով մոտ 200 կմ/ժ արագությամբ։

Սկզբում նրանք վրաերթի են ենթարկել 59-ամյա կնոջ, որը փորձել է անցնել փողոցը։ Կինը մի քանի մետր շպրտվել է և տեղում մահացել։ Այնուհետև Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Մոսկվայի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված Fiat մակնիշի միկրոավտոբուսին, հարվածել տաքսուն և վերջում բախվել սյանը։

Դրանից հետո մեքենան այրվել է, և երկու երիտասարդները մահացել են։ Fiat-ում գտնվող 49 տարեկան վարորդը` Սերգեյը, և ուղևորները` 28 տարեկան Տատյանան ու 52 տարեկան Ալլան, ծանր վիճակում տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։

Նշվում է, որ Mercedes-ի հետ մրցել է մեկ այլ ավտոմեքենա, որը հապճեպ լքել է դեպքի վայրը։ Մեքենայում եղած անձանց մասին տեղեկություն չկա։

ԶԼՄ-ների տվյալներով` մահացածները հայտնի մրցարշավորդ Մառա Բաղդասարյանի մտերիմ շրջապատից էին։